Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամուսնուն տեսակցելու արգելանքի վերացման մասին շատ անակնկալ է իմացել. «Նույնիսկ Անդրիասը տեղյակ չէր»:
Նրա խոսքով՝ պարզվել է, որ արգելանքը հանված է եղել ամսի 5-ից, և փաստացի մեկ շաբաթ է՝ իրենք տեղյակ չեն եղել. «Այն դեպքում, երբ ես ահազանգել եմ ՄԻՊ-ին, որ երեխան այլևս չի դիմանում, շատ լուրջ խնդիրներ ունի: Երեխայի իրավունքներն այդպես խախտել՝ շատ անմարդկային է»:
Տիկին Թարխանյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք արգելանքի վերացմանը կարո՞ղ է հաջորդել Անդրիաս Ղուկասյանի ազատ արձակումը: Նա տարակուսելի է համարում, որ Արմեն Մարտիրոսյանի ու Դավիթ Սանասարյանի հետ նույն գործով անցնող Անդրիաս Ղուկասյանը դեռ ազատազրկված է. «Նրանք երեքն էլ ամեն ինչ արել են, որպեսզի ընդհարում չլինի մարդկանց և ոստիկանության միջև»:









































