Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում, հայտարարել է, որ Թուրքիան կատարել է առանց վիզայի ռեժիմի մասին պայմանագրով ԵՄ դրույթների մեծ մասը՝ բացառությամբ ահաբեկչության դեմ պայքարի մասին դրույթի:
«Կա ԵՄ-ի հետ համաձայնագիր, բանակցություններ են տարվում վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ: Մենք կատարել ենք բոլոր չափանիշները, սակայն չենք լուծել ահաբեկչության խնդիրը»,- ասել է նա:
Չավուշօղլուն հայտարարել է Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային ռազմական գործողություն իրականացնելու անհրաժեշտության մասին՝ Ռաքքայից նրան վտարելու համար:
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ այդ հարցում մեծ դեր է վերապահված Սիրիայում ընդդիմադիր ուժերին, որոնք պետք է ստանան իրենց ավիաաջակցությունը:









































