Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) Ստամբուլում անցկացվող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի շրջանակներում պայմանագիր են ստորագրել ստորջրյա էլեկտրական մալուխի անցկացման մասին:
Համապատասխան պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը և ՀԿԹՀ-ի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Սունաթ Աթունը:
Ալբայրաքը հայտարարել է, որ նոր պայմանագիրը կարևոր է տարածաշրջանի համար, սակայն չի հայտնել պայմանագրի մանրամասները: Ավելի վաղ Թուրքիայից ՀԿԹՀ անցկացվել էր 107 կիլոմետր երկարությամբ ստորջրյա խողովակաշար, որով Թուրքիան տարեկան 75 միլիոն խորանարդ մետր խմելու ջուր է մատակարարում ՀԿԹՀ-ին:











































