Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Ինջիրլիքի» ավիաբազայում գտնվող Գերմանիայի «Տոռնադո» հետախուզական ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են: Այս մասին են վկայել գերմանական ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նպատակով «Ինջիրլիքում» գտնվող «Տոռնադո» 6 հետախուզական ինքնաթիռները որոշ ժամանակ թռիչքներ չեն իրականացնելու՝ կապված ինքնաթիռների մասերից մեկում հայտնաբերված սխալի հետ:
Ընդգծվում է, որ սխալն արվել է գերմանական արտադրող ընկերություններից մեկի կողմից: Այժմ աշխատանքներ են տարվում տեխնիկական անսարքության վերացման ուղղությամբ:
«Տոռնադո» ինքնաթիռները՝ 250 գերմանացի զինվորականների հետ միասին, տարեսկզբից գտնվում են «Ինջիրլիքում»: Նրանց առաքելության ժամկետը սպառվում է տարեվերջին: Ակնկալվում է, որ այն կերկարաձգվի:











































