Իրանական IRINN պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ բնական գազի արդյունահանման սեկտորի ընդլայնման շնորհիվ Իրանը պատրաստ է մեծացնել Ասիայի էներգամատակարարման անվտանգությունը:
Հոկտեմբերի 10-ին ելույթ ունենալով Թաիլանդում կազմակերպված «Ասիայում համագործակցության շուրջ երկխոսության» երկրորդ նիստում՝ Ռուհանին հայտարարել է, որ Իրանը ձգտում է ակտիվ դեր խաղալ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում՝ արտադրության, նոր շուկաների զարգացման, էներգամատակարարման հուսալի ապահովման ոլորտներում:
Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է դառնալ Արևմտյան Ասիայում երկաթուղային, օդային ու ծովային փոխադրումների նոր կենտրոն՝ իր պոտենցիալի զարգացման և Եվրասիական տրանսպորտային ցանցի ստեղծման մեջ ակտիվ դերակատարմամբ:
Հաղորդվում է, որ Ռուհանին Թաիլանդում է գտնվում Հարավարևելյան Ասիա կատարած իր շրջագայության ավարտին: Այդ շրջագայությունը մեկնարկել էր հոկտեմբերի 5-ին, երբ Ռուհանին մեկնեց Վիետնամ, այնուհետև Մալայզիա:









































