Մայիսին աշխարհի տարբեր անկյուններում կազմակերպվում է «Գրական գիշեր» նախաձեռնությունը, որի նպատակն է տեղի հասարակությանը ներկայացնել Եվրոպական ժամանակակից գրականությունը:
Այսօր Հայաստանում առաջին անգամ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպվեց «Գրական գիշեր» ծրագիրը։ Միջոցառման շրջանակներում Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը հանդիպեց դպրոցականներին և նրանց համար կարդաց Վեռնի «Ուղևորություն դեպի երկրի կենտրոն» ստեղծագործությունը։ «Ժյուլ Վեռնը ֆրանսիացի գրող է, իսկ գրքի հերոսը գերմանացի է, որը ճամփորդում է դեպի Իսլանդիա։ Ուստի սա ոչ թե զուտ բրիտանական ստեղծագործություն է, այլ եվրոպական։ Ահա թե ինչու եմ ես հենց դա ընտրել»,- ասում է Չարլզ Լոնսդեյլը։
Վաղը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ Ստեղծագործական սրահում, պատանի ընթերցողների հետ կհանդիպեն նաև Երևանում բրիտանական դեսպանատան հյուպատոս Ջենիս Լիթլը և դեսպանատան կցորդ Մայքլ Դրեյը: Դեսպանատան աշխատակիցներն աշակերտների համար կընթերցեն գրական ստեղծագործություններ:











































