Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Մայք Փենսը առանձնացել է Դոնալդ Թրամփից՝ շաբաթ օրը մամլո հաղորդագրությունում հայտարարելով, որ «վիրավորված է» կանանց մասին Թրամփի խոսքերից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Որպես ամուսին և հայր՝ ես վիրավորված եմ խոսքերից և գործողություններից, որոնք նկարագրեց Դոնալդ Թրամփը երեկ հրապարակված 11 տարվա վաղեմության տեսանյութում: Ես չեմ արդարացնում նրա հայտարարությունը և չեմ կարող դրանք պաշտպանել»,- հայտարարել է Փենսը: «Ես ուրախ եմ, որ նա (Թրամփը) զղջացել է և ներողություն խնդրել ամերիկացի ժողովրդից: Մենք աղոթում ենք նրա ընտանիքի համար և հույս ունենք, որ նրան հնարավորություն կտրվի ցույց տալ, թե ինչ կա իր սրտում, երբ վաղը երեկոյան ելույթ ունենա ազգի առջև (դեբատներում)»,- հայտարարել է Փենսը:
Նախագահի թեկնածուի քննադատությունը նույն կուսակցությունից փոխնախագահի թեկնածուի կողմից աննախադեպ է ԱՄՆ ժամանակակից քաղաքական պատմության մեջ:
Կիրակի օրը տեղի կունենա ԱՄՆ նախագահի թեկնածուներ Թրամփի և Քլինթոնի դեբատների երկրորդ փուլը:









































