Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ շնորհավորել է նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը: Ալիևը Պուտինին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ժողովուրդը դրանով աջակցություն հայտնեց նրա վարած քաղաքականությանը:
Ալիևը Պուտինին շնորհակալություն է հայտնել նամակի համար, որը Ռուսաստանի նախագահը հասցեագրել էր 2016 թվականի սեպտեմբերի վերջին Բաքվում անցկացված 5-րդ միջազգային հումանիտար ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև ռուսական պատվիրակության՝ միջոցառմանը բարձր մակարդակի մասնակցության համար:
Պուտինն իր հերթին Ալիևին շնորհավորել է սահմանադրական ուղղումների վերաբերյալ անցկացված հանրաքվեի արդյունքների կապակցությամբ:
Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Ալիևը գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական կապերի զարգացման համար և վստահություն են հայտնել, որ երկկողմ համագործակցությունը հաջողությամբ կշարունակվի հետագայում:









































