Տնտեսագիտական համալսարանի մակրոտնտեսական կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով նոր կառավարության կազմը և նոր նշանակումները, ինչպես նաև անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության աշխատանքին՝ ասաց. «Այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատել է Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը՝ այս վերջին երկու տարիներին և՛ ներքին, և՛ արտաքին նեգատիվ գործոնները շարունակվել են»:
Մեր զրուցակիցը ներքին բացասական գործոններից առանձնացրեց կոռուպցիան. «Կոռուպցիան տասնամյակների ընթացքում ձևավորված և կարելի է ասել՝ համակարգի վերածված լուրջ խնդիր է, որի լուծումները քաղաքական հարթության վրա են: Եվ այդ կառավարության հրաժարականը ապացույցն է այն բանի, որ այս հարցում այն ձախողվել է: Ես կարծում եմ, որ այդ կառավարությունը պետք է հեռանար ամբողջ կազմով: Եվ եթե այս նոր կառավարությունը ևս ձախողի, ապա, բնականաբար, դրա քաղաքական պատասխանատվությունը դարձյալ կրելու է Հանրապետական կուսակցությունը»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ այս կառավարությունը ևս շատ սահմանափակ հնարավորություններ ունի՝ թե՛ ժամկետային, թե՛ ռեսուրսային, թե՛ հանրային վստահության, ինչու չէ՝ նաև քաղաքական աջակցության առումով:
Ատոմ Մարգարյանը կիսում է այն կարծիքը, որ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարության մեջ (մեծ ակնկալիքներ չունենալու մասին) կարող է լինել ապահովագրման տարր, քանզի և ժամկետն է շատ կարճ, և բացի այդ՝ բյուջեի նախագիծը կազմվել է դեռևս նախորդ կառավարության օրոք: Տնտեսագետը չի կիսում այն կարծիքը, որ նոր ձևավորված կաբինետը տեխնոկրատների, պրոֆեսիոնալների կաբինետ է. «Ցանկացած կաբինետ պետք է գործի հանրային վստահության դաշտում: Ավելին՝ այն պետք է ձևավորվի հանրային քվեի արդյունքում և լինի հաշվետու ու պատասխանատու առաջին հերթին այդ հանրությանը»:
Ատոմ Մարգարյանը կարևորում է այն հանգամանքը, որ ընտրություններին ընդառաջ՝ թե իշխող և թե ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է մտածեն քաղաքական էլիտայի ռոտացիայի մասին. «Քաղաքական պատասխանատվությունը կառավարության համար ենթադրում է նաև համամասնական և համարժեք ներկայացվածություն Ազգային ժողովում»:
Տնտեսագետը Հայաստանի տնտեսական վիճակը չի համարում այնքան ահավոր, որ ենթադրենք, թե սպասվում է դեֆոլտ. «Սակայն դեղին լույսը արդեն վառվում է և զգուշացնում է, որ 60 տոկոսը սարերի ետևում չէ, ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքի 50-55 տոկոսն արդեն լուրջ ցուցանիշ է»:









































