Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ահաբեկչություն է որակել երեկ ուշ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթեցումը, որի հետևանքով տուժել է հինգ մարդ:
«Սա կրիմինալի պայքարն է հասարակության դեմ, կրիմինալի պայքարն է քաղաքական գործիչների դեմ: Սա կրիմինալի հարձակումն է քաղաքական ժողովրդավարական նորմալ գործընթացի վրա»,- ասել է նախագահը:
Մարգվելաշվիլին ափսոսանք է հայտնել, որ Վրաստանի քաղաքական ուժերում կան այնպիսիք, որոնք զբաղված են ապակայունացմամբ. «Մենք ուղիղ նրանց կարող ենք անվանել քրեական տարրեր, որոնք, դժբախտաբար, քաղաքական գործընթացը դիտարկում են որպես միմյանց հանդեպ ֆիզիկական հաշվեհարդար:
Նրանք այդպիսով կարծում են, թե մասնակցում են քաղաքական գործընթացի: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը հույսեր կկապի նման տարրերի գործողությունների հետ, դատապարտված է, որ վերջիվերջո հաշվեհարդարի հերթը կհասնի իրենց»:









































