Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2011 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին իրականացրել է Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգ՝ պարզելու համար դրանցում առկա տեղեկատվության թափանցիկության մակարդակը:
ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են 39 կայք, որոնք պայմանականորեն բաժանել են 3 խմբի. առաջին խմբում ներառված են նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմիների 24 կայքերը, երկրորդում՝ 10 մարզերի պաշտոնական կայքերը, երրորդում՝ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, սահմանադրական դատարանի, դատախազության կայքերը:
Կայքերի դիտարկումն իրականացվել է 177 չափորոշիչներով, որոնցից 150-ը՝ բովանդակային, 27-ը՝ տեխնիկական: Մելիքյանը տեղեկացրեց, որ մոնիտորինգն իրականացվել է ԱՄՆ-ի ԽԱՊԿ «Հանուն ժողովրդավարության՝ազգային հիմնադրամի» (ned) աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում:









































