Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցույցի դուրս եկած թոշակառուների դեմ, ովքեր փորձել են ներթափանցել վարչապետ Ալեքսիս Ցիպրասի նստավայր։ Այս մասին հայտնում է Skai հեռուստաալիքը։
Այսօր առավոտյան մոտ 2000 թոշակառուներ հանրահավաք են անցկացրել Աթենքի կենտրոնում, իսկ այնուհետև ուղևորվել վարչապետի նստավայր՝ իրենց բողոքն արտահայտելով կենսաթոշակների նոր կրճատումների և ասկետիզմի քաղաքականության դեմ, որը կառավարությունն անցկացնում է վարկերի դիմաց՝ փորձելով դուրս գալ ֆինանսատնտեսական ճգնաժամից։
Թոշակառուները համաժողովրդական ապստամբության կոչ են անում։ Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա։
Այժմ իրավիճակը հանդարտվել է, թոշակառուների մի մասը մնում է տեղում՝ պահանջելով, որ վարչապետն ընդունի իրենց պատվիրակությանը։













































