Հունական AMNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳԱ 71-րդ նստաշրջանում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում է եղել փախստականների հարցը: Ցիպրասն ու Էրդողանը հաստատել են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքար մղելու մասին ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կնքված համաձայնագրին աջակցելու անհրաժեշտությունը:
Էրդողանի խոսքով՝ համաձայնագրի իրագործումը կախված է նաև երկու երկրներից: Ընդգծվել է, որ Թուրքիայի ձեռնարկած ջանքերի շնորհիվ փախստականների հոսքը նախորդ տարվա ամռանը օրական 5000-7000-ից նվազել է մինչև օրական 150-ի, և որ անհրաժեշտ է շարունակել համաձայնագրի իրագործմանն ուղղված ջանքերը:
Հանդիպման ժամանակ Էրդողանը բարձրացրել է նաև 8 թուրք զինվորականների հարցը, որոնք ապաստան են խնդրել Հունաստանում: Ցիպրասը պատասխանել է, որ Հունաստանն ի սկզբանե հայտարարել է, որ այդ հարցը դիտարկվում է միջազգային իրավունքի դրույթների հիման վրա:
Ցիպրասի խոսքով՝ նրանք, ովքեր մասնակցում են հեղաշրջումներին, անցանկալի են Հունաստանում: Ցիպրասը բարձրացրել է բոլոր կիպրոսցիների անվտանգության հարցը և հաստատել է կղզուց թուրքական զորքերի դուրսբերման անհրաժեշտության հարցում անփոփոխ դիրքորոշումը:









































