ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայի իշխանություններին հիշեցրել է տնտեսական և քաղաքական բարեփոխումների խոստումը կատարելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով` Կիևը հակառակ դեպքում կարող է վկա դառնալ այն բանին, թե ինչպես է ԵՄ-ն հրաժարվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից, հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք գիտենք, որ եթե նրանք ԵՄ-ին առիթ տան, ներկայումս առնվազն 5 երկիր կա, որոնք ցանկանում են ասել՝ «Մենք ուզում ենք դուրս գալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներից»,- հայտարարել է Բայդենը Նյու Յորքում միջազգային հարաբերությունների խորհրդում ելույթի ժամանակ:
Նա խոստովանել է, որ Ուկրաինայի ճգնաժամի սկզբից նա շաբաթական 2-3 ժամ է ծախսում ուկրաինացի առաջնորդների հետ հեռախոսազրույցների վրա` նրանց համոզելով վճռականորեն կատարել բարեփոխումներ, միաժամանակ «ճնշելով» Գերմանիային, Ֆրանսիային և Իտալիային՝ պահպանելու պատժամիջոցային քաղաքականությունը:










































