Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ։
«Ընկերնե՛ր (Հայաստանում և ողջ աշխարհում), այսօր նշվում է Հայաստանի անկախության 25-ամյակը։ Մենք պետք է օգտվենք հնարավորությունից՝ նշելու այն փոքր, բայց գեղեցիկ ազգի հաջողությունների մի մասը՝ միևնույն ժամանակ փորձելով լուծել անհանգստացնող խնդիրները։ Անկախությունը շատ քիչ բան է նշանակում, երբ հասարակության ստվար զանգվածը դժգոհ է։ Այդ իսկ պատճառով ես և մի խումբ ընկերներ աջակցության հայտարարություն ենք պատրաստել՝ Հայաստանի ժողովրդի և դրական փոփոխություններ ու բարեփոխումներ անելու նրանց կոչի համար։ Խնդրում եմ՝ այն դիտեք change.org-ի հետևյալ հղմամբ և ստորագրեք, եթե համաձայն եք»,- գրել է նա։
https://www.change.org/p/justice-within-armenia
«Արդարադատություն Հայաստանում
Մենք՝ որպես Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայեր, հավաքականորեն հանձնառու ենք Հայաստանում անհապաղ փոփոխության և արդարության գործին:
2016 գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումների և բողոքի ակցիաների լույսի ներքո, որոնք հանգեցրեցին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների,
Մենք ասում ենք Ո՛Չ
համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին և ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական խռովություններին։
Մենք ասում ենք Այո՛
Բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանը և պաշտպանությանը, արդար և թափանցիկ ընտրություններին ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, արդար աշխատավարձերին, իշխանության հավասարազոր տարանջատմանը, ազատ մամուլին և թշվառների պաշտպանությանը։
Մենք ասում ենք այո՛
շոշափելի, ժողովրդավարական փոփոխություններին,Հայաստանի քաղաքացիների հետ քաղաքացիական ներգրավվածության միջոցով:
Որպես հայերի համաշխարհային համայնք՝ մենք կցանկանայինք, որ Հայաստանի քաղաքական առաջնորդները մարմնավորեն սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն,կարեկցանք, արդյունավետություն և տեսլական մտածողություն, Հայաստանի ժողովրդի հրատապ և ակնկալվող կարիքները հոգալու համար և այդպիսով ապահովել հավասար, արդար և կառուցողական ուղի դեպի իրական ժողովրդավարությունը որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է:
«Արդարադատություն Հայաստանում»-ը մտահոգված հայերի համաշխարհային կոալիցիա է, ովքեր հավատում են Հայաստանի ժողովրդի հետ համերաշխությանը և նրան, որ անհրաժեշտ է ներկա լինելով՝ հանդես գալ որպես ականատես և դիտորդ ազատ և արդար ընտրությունների, միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավելով Հայաստանի բնակչությանը՝ այսպիսով նպաստելով մեր ժողովրդի ներկային և ապագային։ Մենք պետք է պատկերացնենք մի իրավահավասար պետություն, որը արժանի է մեր ժողովրդի տոկունությանը ու հասնել այդ նպատակին: Հաշվի առնելով մեր եզակի արժեքները և բնավորությունը՝ Հայաստանը կարող է և պետք է դառնա հնարավորությունների, ստեղծագործության, ժողովրդավարության և հույսի երկիր՝ մի տարածաշրջանում, որը հղի է քաոսով։ Այլընտրանքը անհավատալի է»։









































