Ապագա սերունդների անհանգստությունը, բարգավաճումն ու անվտանգությունը մեծապես կախված է քայլերից, որոնք մենք ձեռնարկում ենք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում։
Նրա խոսքով՝ այսօր հարյուր հազարավոր երեխաներ, կանայք ու ծերունիներ զոհ են դառնում մոլորակի հակամարտության գոտիներում, այդ թվում՝ Սիրիայում և Իրաքում։
«Տարածաշրջանում շարունակում են գործունեությունն այնպիսի ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը, «Ջեբհաթ ալ-Նուսրան» և PYD-ը։ Պահպանվում է ռիսկն առ այն, որ հակամարտությունները Կովկասում կանցնեն թեժ փուլ։ Խնդիրները պահպանվում են նաև Եմենում և Ուկրաինայում․միևնույն ժամանակ շատ երկրների բնակիչներ տառապում են սովից, հիվանդություններից, աղքատությունից։ Այս պատկերն ամոթալի է մարդկության համար»,- ընդգծել է նախագահ Էրդողանը։
Նա նշել է, որ էլ ավելի մեծ վիշտ է առաջացնում այն հանգամանքը, որ աշխարհում ճգնաժամերի ու խնդիրների մեծ մասն ունեն լուծման հեշտ եղանակներ։ Այս առնչությամբ նա ուշադրություն է հրավիրել փախստականների խնդրին: Նրա խոսքով՝ Թուրքիան արդեն 25 մլրդ դոլար է ծախսել սիրիացի և իրաքցի փախստականների աջակցության վրա՝ հակադրելով դա ՄԱԿ-ի գծով միջազգային հանրության հանգանակած գումարներին՝ 525 մլն դոլար։
Շնորհիվ «Եփրատի վահանի»՝ Սիրիայի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տներ՝ ասել է Էրդողանը։
«Չպետք է մոռանալ, որ Թուրքիայում հեղաշրջման փորձը նույնպես հարձակում էր համաշխարհային ժողովրդավարության վրա։ Թուրք ժողովուրդն այդ գիշեր պատմական դաս տվեց հեղափոխականներին և վերածվեց ոգեշնչման աղբյուրի բոլոր ժողովուրդների համար, ովքեր հավատում են ժողովրդավարությանը»,- ասել է Էրդողանը։ Նա ընդգծել է, որ FETÖ-ն սպառնալիք է բոլոր 17 երկրների ազգային անվտանգության համար, որտեղ իրականացնում է իր գործունեությունը։
Նա անդրադարձել է նաև պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորման թեմային։ «Միջազգային հանրությունը պետք է ներդրում անի պաղեստինյան խնդրի կարգավորման մեջ՝ երկու պետության սկզբունքի հիման վրա»,- ասել է Թուրքիայի նախագահը։
«Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Իսրայելի հարաբերությունների նորմալացման գործընթացը ներդրում ունենա նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործում, թեթևացնի պաղեստինցիների տնտեսական խնդիրները»,- խոստացել է Էրդողանը։









































