Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ ծրագրում է ելույթ ունենալ կոնգրեսի պատգամավորների առջև, որպեսզի ներկայացնի իր դիրքորոշումը՝ կապված վերջերս մամուլում հայտնված կոռուպցիոն սկանդալի մասին տեղեկատվության հետ: Այս մասին հաղորդում է El Mundo պարբերականը:
Ավելի վաղ վերոնշյալ պարբերականը հրապարակել էր Ռախոյի և իշխող կուսակցության նախկին գանձապահ Լուիս Բարսենասի բարեկամական sms-հաղորդագրությունները: Նշենք, որ վերջինս կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահումների մեջ: Հաղորդագրություններում Ռախոյն իր աջակցությունն է հայտնել այն ժամանակ արդեն հետախուզման մեջ գտնվող Բարսենասին և կոչ է անում նրան հանգիստ լինել:
Վարչապետը նշել է, որ կցանկանար ելույթ ունենալ Կոնգրեսի առջև կամ այս ամսվա վերջին, կամ օգոստոսի սկզբին՝ երկրի «տնտեսական և քաղաքական իրավիճակը» քննարկելու համար: Նա ասել է, որ ծրագրում է «բացատրություններ տալ այն մարդկանց, ովքեր բնակչության շահերն են ներկայացնում»: