Իսրայելական The Jewish Business Times պարբերականի փոխանցմամբ՝ իսրայելական Aeronautics LTD օդատիեզերական ընկերությունը առաջին անգամ կներկայացնի երկու նոր հարվածային մարտավարական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Ընդգծվում է, որ Orbiter 4 STUAS հարվածային մարտավարական ԱԹՍ-ն ու Orbiter 1K հարվածային փոքր ԱԹՍ-ները կներկայացվեն սեպտեմբերի 27-ին Բաքվում կայանալիք ADEX-2016 ցուցահանդեսի ժամանակ:
Orbiter 4 STUAS-ն կարող է օդում մնալ 24 ժամ, նրա թռիչքային զանգվածը 50 կիլոգրամ է, առավելագույն վերելքը՝ 6000 մետր: ԱԹՍ-ն ունակ է կրել երկու հրթիռ՝ տարբեր թիրախներ ոչնչացնելու համար:
Orbiter 1K-ն իր հերթին ունակ է նշված շրջանում գործել ինքնուրույն, իրականացնել տեսանկարահանում, որոնել, հայտնաբերել ու ոչնչացնել ֆիքսված ու շարժական թիրախներ: Orbiter 1K-ն կարող է օրվա ցանկացած պահի օդում անընդմեջ մնալ 2-3 ժամ:
Հաղորդվում է, որ Aeronautics LTD-ն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնելու, որպեսզի ձեռնամուխ լինի Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ համատեղ Orbiter 1K-ի արտադրությանը:
Ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մատհանը պարբերականին հայտնել է. «Մենք տեսնում ենք Ադրբեջանի պաշտպանական աճող շուկայի մեծ հնարավորությունները և մեծ գոհունակությամբ սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ»:









































