Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մի քանի հարյուր համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները հետաքրքրական են մի շարք գործոնների ֆոնին, որոնցից իհարկե առանձնանում է Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված կամ հայտարարված համաձայնությունը, որ տեղի ունեցավ մի քանի օր առաջ և որով ազդարարվում է բոլորովին նոր ընտրական իրականության հեռանկարը:
Եվ ահա այդ բոլորովին նոր ընտրական իրականության հեռանկարը սեպտեմբերի 18-ին համադրվեց առկա ընտրական իրականությանը: Իհարկե սեպտեմբերի 18-ին դեռևս հաջորդելու է հոկտեմբերի 2-ի ընտրությունը, որտեղ կան առավել ինտրիգային Գյումրին և Վանաձորը, բայց սեպտեմբերի 18-ի ընտրությունները ցույց տվեցին, որ առայժմ գործնական իմաստով իշխանությունը տրամադրված չէ ռազմավարական նշանակության նահանջի, և հնարավոր նահանջը կարող է լինել մարտավարական նշանակության, իսկ որոշ դեպքերում էլ նույնիսկ քողարկված:
Եվ անկասկած իշխանությունների մարտավարական նահանջի տրամաբանության մեջ է նաև Նոր կյանք համայնքում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի միակ հաղթանակը: Սակայն այն, ինչ իշխանությունների համար ունի մարտավարական նշանակություն, իրականում ընդդիմադիր դաշտում առկա իրողությունների պարագայում ընդդիմադիր ուժերի համար անկասկած ունի ռազմավարական բնույթ, ռազմավարական նշանակություն: Բանն այն է, որ իշխանությունների համար փոքր պարտությունները կամ փոքր նահանջները Հայաստանում նորություն չեն և ըստ այդմ՝ նաև ողբերգություն չեն, իսկ ահա ընդդիմադիր ուժերի համար իրական փոքր հաղթանակները, գործնական փոքր հաջողությունները իսկապես բացառիկ բան են և ասել կուզի ստանում են իրապես մեծ նշանակություն: Իրական գործնական հաջողություն մինչ այժմ արձանագրել են միայն քաղաքացիական նախաձեռնություններն ու շարժումները, որոնք ըստ էության նույնիսկ իրենց բնույթով և մեթոդոլոգիայով եղել են կուսակցականության մրցակիցը:
Այս իմաստով, կուսակցական գործունեությունը Հայաստանում իսկապես ունի նույնիսկ փոքր հաջողությունների կարիք, ինչն էլ այդ հաջողությունները գոնե այս փուլում վերածում է ռազմավարական պոտենցիալի: Ըստ որում՝ մեծ հաշվով այստեղ խոսքը չի վերաբերում միայն այն կուսակցությանը, այսինքն՝ տվյալ դեպքում Քաղաքացիական պայմանագրին, որը հաղթել է ՀՀԿ-ի թեկնածուին: Այս հաղթանակի հակառակ երեսը ավելի լայն է, և հասարակական-քաղաքական իմաստով այս հաղթանակը երկարաժամկետ առումով կարող է գեներացնել և նոր արդյունքի հիմք դարձնել ցանկացած ընդդիմադիր կուսակցություն: Հարցն ընդամենը իրավիճակի գնահատման համարժեքությունն է:
Բանն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում առկա իրավիճակը խոշոր հաշվով ստեղծել է մի իրականություն, որ ինչքան էլ կուսակցությունները անվանական առումով տարբեր են, ինչքան էլ նրանք հաճախ նույնիսկ միմյանց հանդեպ ավելի սուր են, քան իշխանության, կամ պակաս սուր չեն, այնուամենայնիվ, հանրային գիտակցության մեջ նրանք բոլորն էլ առայժմ ընկալվում են առավելապես իշխանության, իշխող համակարգի հանդեպ գերդժգոհության պրիզմայով: Այսինքն՝ հանրային գիտակցության խորքում, ենթագիտակցական մակարդակում իշխանությունն ընդդիմադիր կուսակցություններին ինչ որ խորության վրա այնուհանդերձ ընկալում է նույնական, առանց անվանական տարբերակումների: Այսինքն՝ կուսակցական նոմինալ ընկալումները հանրության մեջ դեռևս չեն ստացել գաղափարաարժեքային խորություններ: Սա ինչ որ առումով կուսակցությունների և ընդհանրապես հասարակական-քաղաքական կյանքի խնդիրն է, սակայն ինչ որ առումով էլ կուսակցությունների համար հնարավորությունների մի ընդհանրական միջավայր, այն իմաստով, որ նրանցից թեկուզ մեկի հաջողությունը կարող է ռազմավարական խորապատկերում հաջողության հնարավորություն և ռեսուրս լինել բոլորի համար: Այստեղ արդեն ամեն ինչ կախված է նրանից, թե հանրային գիտակցության մեջ խորքային, գաղափարաարժեքային առումով կայանալու տեսանկյունից որ կուսակցությունն ինչ արդյունավետություն, ինչ հաջողություններ կարող է արձանագրել:
Իսկ կոնկրետ այդ խնդիրն արդեն կախված է իհարկե բազմաթիվ գործոններից, որոնց քննարկումն իհարկե այլ խոսակցության նյութ է: Տվյալ պարագայում իհարկե խոսքը վերաբերում է այն կուսակցություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում վերջնականապես չեն վարկաբեկվել հանրության աչքին, աչքի չեն ընկել հանրության թիկունքում իշխանության կամ իշխանամերձ համակարգերի հետ տարաբնույթ գործարքներով, սկզբունքային հարցերում դիրքորոշումների արագ և կոնյուկտուրային փոփոխությամբ և առավել ևս իշխանական համակարգում տարիների բավական «խոսուն» կենսագրությամբ: Այդ կուսակցությունները կարող են հանդես գալ ընդդիմադիր դիրքերից, սակայն չեն կարող լինել ընդդիմություն գաղափարաարժեքային իմաստով:
Այդպիսով, հարկ է, որպեսզի Հայաստանում առաջիկայի համար հստակեցվի ընդդիմադիր դաշտում հարաբերությունների և խաղի կանոնների, այդ թվում նաև կուսակցական մրցակցության տրամաբանությունը: Եվ այդ տրամաբանությամբ՝ որպես խաղի կանոնների սահմանման կոնսենսուսային հիմք, թերևս պետք է լինի այն, որ իշխանության նկատմամբ ընդդիմադիր որևէ ուժի մեծ կամ փոքր որևէ հաջողություն կամ հաղթանակ չպետք է ընկալվի հաղթանակ նաև ընդդիմադիր՝ իրապես ընդդիմադիր, այսինքն՝ Հայաստանում համակարգային փոփոխությամբ շահագրգռված և այդպիսի վստահելի հայտերով ներկայացող ուժերի նկատմամբ, ընդ որում՝ չպետք է այդպես ընկալվի նաև հաջողության հասած ուժի մոտ:
Այդ «կոնսենսուսը» ինքնին կհանդիսանա ընդդիմադիր դաշտում կուսակցական առողջ մրցակցության կարևոր հիմք, որի շնորհիվ այդ մրցակցությունը հասարակական-քաղաքական հեռանկարների առումով կստանա առաջանցիկ բնույթ: Այլ հարց է, որ զարգացումների այդօրինակ ճանապարհը մերժելի է համարում հանրության մի շոշափելի հատված: Դա իհարկե այլ խնդիր է, թե որն է իշխող համակարգի դեմ պայքարի արդյունավետ մեթոդաբանությունը և ճանապարհը: Բայց եթե որևէ շրջանակում ընտրված է կուսակցական ճանապարհը, իսկ պետք է խոստովանել, որ այդ ճանապարհը ներառում է հանրային ոչ պակաս շոշափելի շերտեր, ապա անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի այն համընդհանուր հիմքը, որը այդ ճանապարհի ընթացքը կապահովի հնարավորինս բարձր արդյունավետությամբ:










































