ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով սեպտեմբերի 18-ին ՀՀ տարբեր մարզերում անցկացված ՏԻՄ ընտրությունները՝ ասաց. «Չի կարելի սա դիտարկել որպես Հանրապետականի պարտություն: Ընդհակառակը՝ սա Հանրապետականի հաղթանակն է, քանի որ մեր կուսակցությունը ամեն գնով չի պայքարում համայնքային ընտրություններում հաղթելու համար»:
Ուստի մեր զրուցակիցը պատահական չի համարում Նոր կյանքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հաղթանակը: Նրա խոսքով՝ խաղի կանոնները վաղուց են փոխվել, որի վկայությունն է Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանություն-ընդդիմություն-քաղհասարակություն համաձայնությունը. «Ես կարծում եմ՝ ԸՕ-ի ընդունումից հետո 2017-ին ընտրությունների որակը էապես կփոխվի»:
Ինչ վերաբերում է հետագայում ևս վարչական լծակների կիրառմանը, ապա պատգամավորը նշեց, որ աշխարհում չկա նման դեպք, որ թիմի անդամը չքարոզի իր կուսակցության համար՝ լինի նախարար, վարչության պետ, թե պատգամավոր. «Այստեղ կարևորը ձևի մեջ է»:
ՀՀԿ-ական պատգամավորը ընտրակաշառքն էլ այնքան ահավոր չի համարում, որքան թվում է. «Ընտրության վրա ամենից շատ ազդող գործոնը ճիշտ ընտրություններ կազմակերպելն է: Այ, այս ընտրություններում հաղթեցին ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը», ի՞նչ է, ձեզ թվում է՝ չի՞ եղել ընտրակաշառքի գաղափար կամ մարդկանց հետ այլ կերպ շփվելու ուղիներ. եղել են, բայց հաղթեցին: Հետևաբար ընտրակաշառքը դառնում է երկրորդական խնդիր: Քաղաքացին համոզված կլինի, որ իր ձայնը կունենա էական նշանակություն, և այս դեպքում ընտրակաշառքը չի աշխատելու»:











































