Ամերիկացի հայտնի դրամատուրգ, «Թոնի» և Պուլիտցերյան մրցանակների բազմակի դափնեկիր Էդվարդ Օլբին մահացել է Նյու Յորքի արվարձանում գտնվող իր տանը՝ 88 տարեկանում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օլբիին համաշխարհային հռչակ են բերել այնպիսի պիեսներ, ինչպիսիք են՝ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», «Անկայուն հավասարակշռություն», «Ծովային բնապատկեր» և այլն:
Իր կյանքի ընթացքում Օլբին գրել է ավելի քան 25 պիես, որոնցում ծաղրել է ամերիկյան հասարակության պահպանողական հիմքերը:
Օլբին եղել է, այսպես կոչված, «աբսուրդի թատրոնի» ամենավառ ներկայացուցիչներից մեկը:
Գրողներ Արթուր Միլլերի և Ավգուստ Ուիլսոնի մահվանից հետո շատ թատերագետներ Օլբիին անվանել են ամերիկացի դրամատուրգներից մեծագույնը ողջերի շարքում:









































