ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել է զինաթափել իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնի թիկնազորը և տեսնել, թե ինչ կլինի նրա հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Կարծում եմ՝ նրա թիկնապահները պետք է վայր դնեն զենքը։ Նրանք պետք է անհապաղ զինաթափվեն։ Վերցրե՛ք նրանց զենքը, նրանց զենք հարկավոր չէ։ Վերցրեք՝ տեսնենք, թե ինչ կլինի նրա հետ»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ դա շատ վտանգավոր կլինի։
Քլինթոնի կողմնակիցները հանրապետականի հայտարարությունը համարել են բաց սպառնալիք և բռնության կոչ դեմոկրատ թեկնածուի հասցեին։
Թրամփը հայտարարում է, որ Քլինթոնի իշխանության գալու դեպքում վտանգի տակ կհայտնվի ԱՄՆ Սահմանադրության երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է քաղաքացիների զենքի կրման իրավունքը։









































