ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռ չի հրապարակվել, այն չի հրապարակվի նաեւ առաջիկա օրերին:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 16-ին հրապարակել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Փոփոխությունների արդյունքում ԼՂՀ-ն կիսանախագահական կառավարման մոդելից պետք է անցում կատարի ավելի ուժեղ նախագահական կառավարման մոդելի:
Անուշ Ղավալյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովում դեռ քննարկումներ են ընթանում նախագծի շուրջ.
«Նախագծի շուրջ հանրային քննարկումներ են լինելու, որից հետո մինչ նոյեմբերի 20-ն այն պետք է ներկայացվի մասնագիտական հանձնաժողովին եւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին»,-ասաց Ղավալյանը:











































