ԵՄ-ն պետք է կարողանա պաշտպանել իրեն, եթե ԱՄՆ-ը որոշի հեռավորություն պահել: Այս մասին Բրատիսլավայում ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ լրագրողներին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որի հայտարարությունը հեռարձակել է ԵՄ հեռուստատեսությունը:
«Եվրոպական պաշտպանությունը կարևոր գործոն է Եվրոպայի համար, եթե մենք ուզում ենք ազդել աշխարհի ճակատագրերի վրա, պաշտպանել Եվրոպան, այդ թվում՝ ահաբեկչությունից: (Հարցն այն է) արդյոք մենք կարո՞ղ ենք ամրապնդել մեր ռազմական հնարավորությունները: Պետք է հնարավորություն ունենալ ուղղորդել ուժերը»,- ասել է Օլանդը:
Նրա խոսքով՝ «Միություն չի լինի, եթե հնարավորություն չլինի ապահովելու դրա արժեքներն ու շահերը»:
«(Ֆրանսիան) կարող է առաջնային դեր խաղալ, բայց ուզում է, որ Եվրոպան, ներառյալ Ֆրանսիան, կարողանա ապահովել մեր ամերիկացի գործընկերների հետ իր ինքնապաշտպանությունը ատլանտյան դաշինքի շրջանակներում: Պետք է որ բոլորին հայտնի լինի՝ եթե ԱՄՆ-ը որոշի հեռավորություն պահել, Եվրոպան պետք է ունակ լինի ինքնուրույն պաշտպանվելու»,- հայտարարել է Օլանդը:









































