Հյուսիսային Կորեային հաջողվել է մեծացնել մինչև 1300 կմ հեռահարությամբ «Նոդոն» դասի հրթիռների հարվածի ճշգրտությունը։ Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի կառավարության աղբյուրին։
Գործակալության աղբյուրը նշել է, որ բոլոր երեք բալիստիկ հրթիռները, որոնք Հյուսիսային Կորեան փորձարկել է սեպտեմբերի 5-ին, հասել են Ճապոնիայի ՀՕՊ գոտի՝ արձակման վայրից 1000 կմ հեռու, և ընկել ծովը։ Այսպիսով՝ հրթիռի շրջանաձև հավանական շեղումը եղել է 2-4 կմ-ից պակաս։ Գործակալության զրուցակիցը հաստատում է, որ այդպիսով Փխենյանը ստացել է հրթիռների հստակ ուղղորդման հնարավորություն։
«Դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այդպիսի հրթիռները զինվեն միջուկային մարտագլխիկներով կամ կենսաքիմիական լիցքերով»,- ընդգծել է աղբյուրը։










































