Կառավարության նիստում այսօր, երբ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացնում էր ներդրումային ծրագրի շրջանակներում «Շանթ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանը որոշ դիտողություններ արեց:
«Տալով արտոնություններ բիզնեսին՝ հետո այդ հարցը որևիցե ձև մոնիթորինգ չի՞ արվելու: ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք՝ հաշվետվության ձև արեք, թե ինչքան աշխատատեղ է ստեղծվում: Որքա՞ն ժամանակ է դիմել այդ արտոնությունների համար»,- նախարարից հետաքրքրվեց վարչապետը: «Մեկ շաբաթ»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը: «Չեմ հավատում»,- արձագանքեց Կարեն Կարապետյանն՝ ավելացնելով. «Բա ինչո՞ւ չգիտեք, պարոն Մինասյան: Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որևէ մեկն իրենց չխոչընդոտի: 1.5 մլն դրամ արտոնություն է խնդրում, երևի մի յոթ ամիս նամակագրություն է գրել, մենք պետք է էդ ամեն ինչը դասակարգենք, որ բյուրոկրատիան վերացնենք: Կա խաղի կանոն, հայտարարում ենք՝ ով այս խաղի կանոնի տակ է, համապատասխան նախարարությունն արտոնությունը տալիս է, բերում է էստեղ: Պետք է լինի ձևակերպված խաղի կանոն, թե որի դեպքում ենք մենք տալիս արտոնություն: Մնացած առանձին դեպքերը հատուկ կնայենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:






































