ԱՄՆ-ը կհասնի իր պարտքի վերին շեմին՝ 20.1 տրիլիոն դոլարի, նոր նախագահի ընտրվելուց արդեն 2 ամիս անց։ Սա հաշվարկել է BPC (The Bipartisan Policy Center) վաշինգտոնյան կենտրոնը։
Նոր առաջնորդը ստիպված կլինի բախվել անհրաժեշտության՝ բացատրելու Կոնգրեսին հերթական անգամ պարտքի առաստաղի բարձրացման պատճառները՝ ասվում է հետազոտության մեջ։ Պետպարտքն առաստաղին կհասնի արդեն մարտի կեսերին։
Կենտրոնի վերլուծաբանները չեն բացառում, որ դրանով պայմանավորված՝ եթե նոր կառավարությունը չկարողանա կատարել իր սոցիալական պարտավորությունները, ֆինանսների նախարարությունը հավանաբար ստիպված կլինի գնալ «արտակարգ միջոցառումների»։
Այժմ ԱՄՆ պետպարտքը գերազանցում է 19.5 տրիլիոն դոլարը կամ ՀՆԱ ավելի քան 105 տոկոսը։ Օբամայի կառավարման 8 տարիներին պետպարտքը մոտ կրկնակի աճել է՝ 10.63 տրիլիոն դոլարից։ Սակայն ՀՆԱ աճի (մոտ 3 %) և Դաշնային պահուստային համակարգի ռեկորդային ցածր տոկոսադրույքների (0,25-0,5%) պայմաններում պարտքի սպասարկումը խնդիր չի եղել։








































