ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Մայք Մաքքոլը հայտարարել է, որ ցանցահենները կոտրել են Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի համակարգչային ցանցը։ Այս մասին փոխանցում է CNN-ը։
Նրա խոսքով՝ կոտրման հետևում կանգնած են ռուս ցանցահենները։ Նա ընդգծել է որ ցանցահեններն ազգային մակարդակով կոտրել են ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների համակարգիչները։ Մաքքոլը նշել է, որ նման գործողություններն առաջացրել են ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի անդամների անհանգստությունը։
Իր հերթին Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի գլխավոր օպերացիոն տնօրեն Շոն Քերնքրոսը հերքել է այդ տեղեկությունը։
Օգոստոսին Թրամփի նախընտրական շտաբի համակարգիչները նույնպես ենթարկվել էին ցանցահենային հարձակման։









































