Պարզվում է ամերիկյան և գերմանական հատուկ ծառայությունները սերտորեն համագործակցել են համացանցում լրեսության ասպարեզում։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (BND) և Սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչությունը կիրառել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության (NSA) լրտեսական ծրագիրը: Այս մասին հաղորդում է Der Spiegel ամսագիրը՝ վկայակոչելով NSA-ի՝ ձեռքի տակ եղած գաղտնի փաստաթղթերը:
Մասնավորապես, Սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչությունում ներդրվել է XKeyscore ծրագիրը, որպեսզի «կատարելագործեն դրա գործառույթները՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարում NSA-ին աջակցելու համար»: BND-ն ծրագրի կիրառման հարցերում հանդես է եկել հրահանգչի դերում:
Նոր համակարգը NSA-ում ներկայացվել է 2008 թ. փետրվարին՝ փակ շնորհանդեսի ժամանակ՝ որպես լրտեսության արդյունավետ միջոց: Ծրագիրը թույլ է տվել հետևել օգտատերերին որոնման համակարգում և կարողացել է մի քանի օրվա ընթացքում տեղեկություն հավաքել նրանց համացանցային կապերի մասին ու մասամբ ներկայացնել զրույցների բովանդակությունը: NSA-ն Գերմանիայից ամսական 500 մլն տվյալ է ստացել, որոնցից 180 մլն-ը հասանելի են դարձել հատուկ ծառայությունների համար XKeyscore-ի շնորհիվ: