Ապրիլից Հայաստանում և Արցախում սկսված ճգնաժամը, ինչպես նաև «Սասնա ծռեր»- ի գործողությունները Հայաստանում ինչ-որ մարդկանց բան հուշեցին, և ստիպեցին Կրեմլում բանակցությունների բալանսավորում կատարել, քաղաքականության մեջ ճշգրտումներ անել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Այս վիճակի մեջ հարմար գտան, որ վարչապետ պիտի լինի մեկը, ով ունի հեղինակություն, Հայաստանը գնում է խորհրդարանական հանրապետության, և այստեղ ես սա սովորական վարչապետի փոփոխություն չեմ դիտում»,- անդրադառնալով «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու փաստին՝ նշեց քաղաքագետը: Նա նաև հավելեց. «Կանցլերի պաշտոն է հիմնվում, ըստ էության՝ հիմնվելով գերմանական մոդելի վրա: Բայց այստեղ հիմնական մեխը խփել է «Սասնա ծռեր»- ի զինված ապստամբությունը»:
«Ես լինեմ նրա փոխարեն, միջին սերնդին կբերեմ կառավարություն, ինչպես Սաակաշվիլին: Եվ կկտրեմ ցանկացած այն ընտանիքի ականջները, որը Հայաստանը, պետական իշխանության կառուցվածքը դիտում է որպես կապալ, որտեղ ընտանիքներով պիտի տեղավորվեն: Թող ինքն անի, ու ժողովուրդը կկանգնի նրա թիկունքում: Ինչքա՞ն նահանջենք, ինչքա՞ն կորցնենք, մենք մնացել ենք սահմանագծի վրա՝ ոչնչանալու և չոչնչանալու, վերազարթնելու և չզարթնելու: Թող նոր վարչապետը լինի այդ դերակատարը»,- ընդգծեց քաղաքագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































