Բրյուսելում ներկայում ընթանում են քննարկումներ եվրոպական բանակի ստեղծման մասին, որի վրա կդրվեն ԵՄ արտաքին և ներքին անվտանգության ապահովման խնդիրները։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրին։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ եթե նախաձեռնությունը հաստատվի, միացյալ եվրոպական ռազմական բլոկը կարող է հայտնվել արդեն 2018 թվականին։
Մինչև վերջերս եվրոպական պաշտպանության զարգացման գլխավոր հակառակորդը եղել է Բրիտանիան, պաշտոնական Լոնդոնին վախեցրել է հնարավոր մրցակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Brexit-ի արդյունքները ԵՄ անդամ-երկրների համար ստեղծել են պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության հնարավորություն։
Սակայն մայիսին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր չէ սեփական զինված ուժեր ստեղծել։









































