Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրի Շնեյդերմանը հետաքննություն է սկսել հիմնադրամի նկատմամբ, որը պատկանում է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկածու Դոնալդ Թրամփին։ Հետաքննությունը տարվում է օրենքների պահպանման խնդրով, որոնք կարգավորում են բարեգործական հաստատությունների գործունեությունը՝ գրում է Politico պարբերականը։
Իրավիճակին ծանոթ աղբյուրը հստակեցրել է, որ հետաքննությունը սկսվել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել մի շարք կասկածելի գործարքների մասին, որոնց առնչություն է ունեցել հիմնադրամն։
Թրամփի բարեգործական գործունեությունը մի շարք հարցեր է առաջացնում։ Մասնավորապես, ԶԼՄ-ները ուշադրություն են դարձնում այն բանին, որ, համաձայն հարկային հաշվետվությունների՝ Թրամփը գումար չի ուղղել սեփական հիմնադրամ 2008 թվականից։
Ավելի վաղ դատախազը հնարավոր խարդախության հայց էր ներկայացրել ընդդեմ Թրամփի համալսարանի՝ կապված անշարժ գույքի վերաբերյալ անցկացվող սեմինարների հետ։ Բազմաթիվ հավակնությունները հանգեցրին 2010 թվականին այդ հաստատության փակման։ Ցուցմունք տալու ընթացքում «համալսարանի» աշխատողներից մեկն ասել է, որ իրենց նպատակը եղել է լսարանից հնարավորինս շատ գումար հավաքելը։
Դեմոկրատ դատախազը նշել է, որ իր գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն։
Հանրապետական թեկնածուի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Սթիվեն Չյունգը հերքել է դատախազի հավաստիացումները՝ հայտարարելով, որ դրանք մոտիվացված են բացառապես նախագահական արշավի ընթացքով։
Նա նաև հայտարարել է, որ Շնայդերմանը տարիներով աչք է փակել Քլինթոնների հիմնադրամի վրա, և դատախազի մեկնաբանությունները համարել ձախ ուժերի հերթական փորձ՝ ուշադրություն շեղելու Քլինթոնի վերջին վրիպումներից։








































