Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Չինաստանի Հանչժոու քաղաքում իր ռուս գործըներ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան շնորհակալություն է հայտնել երկրների միջև չարթերային ավիահաղորդակցության վերականգնման համար:
Ռուսաստանի նախագահը զրույցի սկզբում ասել է, որ իրենց վերջին հեռախոսազրույցում Էրդողանը ուշադրություն է դարձրել այն բանին, որ ավելի վաղ ընդունված «որոշումը կատարվում է ավելի դանդաղ, քան մենք կցանկանայինք»:
«Մասնավորապես, դուք ասացիք, որ դեռևս չեն կատարվել չարթերային չվերթների վերականգնման մեր պայմանավորվածությունները: Ինչպես դուք տեսնում եք, անցած ամսի 28-ին Ռուսաստանի կառավարությունը ստորագրել է համապատասխան հրաման, իսկ երեկ Թուրքիա են թռչել առաջին չարթերը ռուս զբոսաշրջիկներով»,- ասել է Պուտինը և ավելացրել, որ ռուս զբոսաշրջիկներին Թուրքիայում դիմավորել են շատ ջերմ:
«Ես առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել: Այո, իրոք, չարթերային չվերթները սկսվել են, առաջին չվերթը եղել է երեկ»,- պատասխանել է Էրդողանը:








































