Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասանուհի Լինդսի Լոհանը տանուլ է տվել Grand Theft Auto V (GTA V) համակարգչային խաղը ստեղծողների դեմ դատը, որոնց նա մեղադրել է հերոսներից մեկի ստեղծման ժամանակ իր կերպարն օգտագործելու համար:
Լոհանը 2014 թվականի հուլիսին քաղաքացիական հայց էր ներկայացրել Նյու Յորքի Գերագույն դատարան՝ ընդդեմ Rockstar Games ընկերության և Take-Two Interactive-ի:
Դերասանուհին պնդել է որ խաղի հեղինակները Լեյսի Ջոնաս հերոսին կերտելիս օգտագործել են իր կերպարը: Լեյսի Ջոնասը, համաձայն խաղի սյուժեի, աղջիկ է, որը պաշտպանության կարիք ունի համառ պապարացիներից:
GTA V-ը վաճառքում է հայտնվել 2013 թվականի սեպտեմբերի 17-ին և վաճառքի առաջին օրերին իր ստեղծողներին բերել 800 միլիոն դոլար: Ավելի ուշ խաղը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաարագ վաճառվող:








































