Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության բողոքի ակցիան համարել է պետական հեղաշրջման փորձ և հայտարարել է, որ իշխանությունները կարողացել են կանխել այն: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Մենք վերջ դրեցինք հեղաշրջման փորձին, որի նպատակն էր այնպես անել, որպեսզի Կարակասի փողոցներում բռնություն տիրի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ իշխանությունները «առաջիկա ժամերին լավ լուրերի մասին» կհաղորդեն ավելի մանրամասն:
Մադուրոն նաև Ազգային ասամբլեայի նախագահ Հենրի Ռամոս Ալուպին մեղադրել է պատրաստվող պետական հեղաշրջման մասին իմանալու համար: «Արդեն պատրաստ է պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին հրամանագիրը»,- հայտարարել է նա:
Վենեսուելայի նախագահի խոսքով՝ ընդդիմության երթին մասնակցել է ընդամենը մոտ 25 հազար մարդ, «որոնք, ցավոք, հավատում են իրենց թշնամիներին»: «Աջ ուժերը նորից պարտվեցին»,- ասել է Մադուրոն:
Ընդդիմությունը պնդում է, որ ոստիկանությունը փորձել է այլ քաղաքներից երթի մասնակիցներին խանգարել հասնել Կարակաս՝ փակելով մայրաքաղաքի մի քանի մուտք: Ականատեսների խոսքով՝ իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են կիրառել նրանց դեմ, ովքեր որոշել են արգելափակված մայրուղիներով քայլել:
Ընդդիմությունը իշխանություններից պահանջում է Մադուրոյի պաշտոնանկության հարցով հանրաքվեի ամսաթիվ նշանակել:









































