Թուրքիայում օգոստոսի 31-ին ձերբակալվել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձրագույն կրթության դիպլոմի իսկությանը կասկած հայտնած «Թյուրք սոլու» շաբաթաթերթի մեկնաբան Գյոքչե Ֆըռաթ Չուլհաօղլուն: Նրան մեղադրանք է ներկայացվել հուլիսի 15-ին այդ երկրում Անկարայի պնդմամբ` ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպած թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի օգտին քարոզչություն իրականացնելու հիմնավորմամբ:
Նույն հիմնավորմամբ Չուլհաօղլուի հետ ձերբակալվել են նաև հայտնի լրագրողներ Աթիլլա Թաշը, Մութլու Գյուլգեչենը: Գյոքչե Ֆըռաթ Չուլհաօղլուն հռչակ է ձեռք բերել Մարմարա համալսարանից Էրդողանի ձեռք բերած դիպլոմի իսկության մասին հոդվածի հրապարակումից հետո, որտեղ նա հայտարարել էր, որ դիպլոմը կեղծ է, և նախագահ Էրդողանը բարձրագույն կրթություն չունի: Թաշի, Գյուլգեչենի եւ Չուլհաօղլուի անունները նշված են եղել օգոստոսի 30-ին Թուրքիայում 35 լրագրողների ձերբակալության համար դատախազության կողմից տրված ցուցակում: Թուրքական կառավարության նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ հայտնի Թաշը Meydan հրատարակության սյունակագիրն է: Բացի այդ նա Twitter-ում բազմիցս սարկազմով արտահայտություններ է թույլ տվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) նկատմամբ: Վերջերս նա գիրք է հրատարակել, որում զետեղել է թուրքական կառավարության հասցեին արած իր սուր քննադատություններն ու սրամիտ արտահայտությունները:
2015 թվականի մարտին Թաշը նաև կարճատև ձերբակալվել էր սոցցանցերում վարչապետ Ահմեթ Դավուօղլուին վիրավորելու մեղադրանքով: Ներկայում թուրքական բանտերում արդեն ավելի քան 107 լրագրողներ կան: Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո AKP-ի կառավարությունը փակել է 130-ից ավելի ԶԼՄ, այդ թվում` 3 լրատվական գործակալություն, 16 հեռուստակայան, 23 ռադիոկայան, 46 թերթ, 15 հանդես և 29 հրատարակչություն: Բացի այդ հուլիսի 15-ից հետո Թուրքիայում բերման է ենթարկվել 40 հազար մարդ, որոնցից 20 հազարը ձերբակալվել են: Թուրքիայի պետական հիմնարկներում մոտ 82 հազար մարդ հեռացվել է աշխատանքից:








































