Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը պետք է եվրոպացիներին պարզաբանում տա փախստականների նոր ալիքի կապակցությամբ, եթե չգործի ԵՄ-ի ու Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագիրը:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը: «Եթե Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը չաշխատի, ապա Եվրոպան՝ կախված սիրիական Հալեպում կամ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի զարգացումից, կբախվի միգրացիոն նոր ալիքի, որը 2 կամ 3 անգամ կգերազանցի ներկայիս ալիքը, ապա պարոն Յունկերը և մեր մյուս ընկերները ստիպված կլինեն տեղի ունեցածը բացատրել Եվրոպայի ժողովուրդներին:
Թուրքիան հավատարիմ է պայմանավորվածություններին»,- ասել էր վերջինս:
Խոսելով ԵՄ կողմից վիզային ռեժիմի ազատականացման խնդրի մասին՝ Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը, քանի որ միանգամից պայքարում է 5-6 ահաբեկչական կազմակերպության դեմ:








































