Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման ՌԴ պատրաստակամության մասին։ Լավրովն այս մասին հայտարարել է Միջազգային հարցերով Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների առջև ելույթ ունենալիս՝ փոխանցում է Vesti-ն։
«Մենք չենք պատրաստվում որևէ մեկից մեջք թեքել։ Մենք պատրաստ ենք ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ նորմալ, լիարժեք հարաբերությունների վերականգնման, սակայն բացառապես իրավահավասարության հիման վրա՝ առանց այդ հարաբերությունները մեկ դարպասի խաղի վերածելու որևէ փորձի»,- հայտարարել է Լավրովը։
Նրա խոսքով՝ նոր «սառը պատերազմի» մեկնարկը քիչ հավանական է, նախարարը դրա համար նախադրյալներ չի տեսնում։
Լավրովը խոստովանել է, որ «շատ դժվար» է անցած դարի կեսերի իրավիճակը ներկայիս իրավիճակի հետ համեմատելը, որոնք նախարարի կարծիքով՝ արմատապես տարբերվում են միմյանցից։
Լավրովի խոսքով՝ ի տարբերություն գաղափարական տարաձայնությունների դարաշրջանի՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ունեն ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը կիսում են ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի շրջանակում։







































