Ամերիկյան Yahoo ընկերությունը դատարանում ստացել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կողմից անձնական տվյալներ հավաքելու PRISM ծրագրի վերաբերյալ փաստաթղթեր հրապարակելու իրավունքը, տեղեկացնում է Cnet հրատարակչությունը:
Փաստաթղթերը վերաբերում են Ազգային անվտանգության գործակալության պահանջով անձնական տվյալներ տրամադրելուց Yahoo-ի հրաժարվելուն:
Ամերիկյան դատարանը որոշում է կայացրել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պարտավոր է հրապարակել փաստաթղթերն այն մասին, որ 2009 թ. Yahoo ընկերությունը, իր պնդմամբ, «կտրականապես ընդդիմացել է» օգտատերերի անձնական տվյալներն իրավապահ մարմիններին հանձնելու պահանջին:
Հունիսի սկզբին ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հրապարակայնորեն տարածել է Ազգային անվտանգության գործակալության PRISM հույժ գաղտնի ծրագրի վերաբերյալ տվյալներ, որը թույլ էր տալիս խոշորագույն կայքերում հետևել օգտատերերի էլեկտրոնային նամակագրությանը:









































