Քեմբրիջի դքսուհի Քեյթի քեռին՝ Հերի Գոլդսմիթը, համոզված է, որ իր քրոջ աղջիկը դուստր կունենա: «Ես համոզված եմ, որ նրանք (Քեյթն ու արքայազն Ուիլյամը) աղջիկ են ունենալու՝ չնայած ես ստույգ չգիտեմ»,- ասել է Գոլդսմիթը Daily Mirror-ին տված հարցազրույցում:
Նա կասկածի տակ է դրել ապագա ծնողների հայտարարությունն այն մասին, թե իրենք որոշել են նախօրոք չճշտել երեխայի սեռը:
«Կարծում եմ՝ Քեյթն ու Ուիլյամն ապագա երեխայի սեռը գաղտնի են պահում, որպեսզի նրանցից բացի, դրա մասին ոչ ոք չիմանա: Նրանք շատ ժամանակակից զույգ են: Համոզված եմ, որ Ուիլյամը, ինչպես և Քեյթը, կկատարեն իրենց ծնողական պարտականությունների մեծ մասը»,- հայտարարել է դքսուհու քեռին:
Ապագա գահաժառանգի սեռը, ով մոտ ժամանակներս լույս աշխարհ կգա, գաղտնի է պահվում: Քեյթի ցանկացած արտահայտություն երեխայի սեռի վերաբերյալ ԶԼՄ-ներում մեծ ալիք է բարձրացնում: Դրանք մեկ գրում են, թե Քեյթը որդի է ունենալու, մեկ՝ հակառակը:
Մինչդեռ, գահի ժառանգման համար երեխայի սեռը կարևոր չէ. օրենսդրության մեջ վերջերս կատարված փոփոխությունների համաձայն՝ Ուիլյամի և Քեյթի առաջին երեխան ամեն դեպքում գահին սպասողների ցուցակում երրորդը կդառնա՝ իր պապ արքայազն Չարլզից և իր հայր արքայազն Ուիլյամից հետո:
Ապագա երեխան կստանա «նորին թագավորական մեծություն Քեմբրիջի արքայազն կամ արքայադուստր» տիտղոսը:









































