Գլազգոյում իտալական ռեստորանի շեֆ-խոհարար Դոմենիկո Կրոլլը, օգտագործելով նկարելու իր տաղանդը, պիցցաները զարդարում է հայտնի անձանց դիմանկարներով, հաղորդում է The Daily Mail-ը:
Պիցցայի վրա նկարելու համար Կրոլլն օգտագործում է հիմնականում պանիր և լոլիկի մածուկ: Այս յուրահատուկ գաղափարը խոհարար նկարչի մոտ ծագել է Հոնգկոնգում խոհարարական վարպետության դասերի ժամանակ: Պիցցայի վրա արված առաջին դիմանկարը եղել է Բրյուս Լիինը: Դերասանի հարազատի շնորհակալական ուղերձները հուզել են խոհարարին, և նա որոշել է շարունակել:
Դիմանկարներով պիցցաների վերջին սերիան նվիրված է եղել նորաձևությանը: Կրոլլը պատկերել է հայտնի դիզայներներ Թոմ Ֆորդին և Կարլ Լեգերֆելդին, ինչպես նաև Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրին :
Իրենց դիմանկարներով պիցցայի համար Կրոլլից շնորհակալություն են հայտնել Սոֆի Լորենը, Ռիհաննան, Բեյոնսեն և Քրիշտիանու Ռոնալդուն:









































