Միջազգային ահաբեկչական «Ալ Քաիդա» ցանցը մտադիր է մոտ ժամանակներս հայտարարել գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջաններում «իսլամական պետություն» ստեղծելու մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով արաբական «Ալ-Շարկ Ալ-Աուսատ» թերթին, որին էլ նման տեղեկություններ է հայտնել Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչը:
Պարբերականի տվյալներով՝ «Ալ-Քաիդա»-ի գրոհայինները մտադիր են ուժով դուրս մղել Սիրիայի ազատ բանակի մարտիկներին, ովքեր կռվում են կառավարական ուժերի դեմ: Գրոհայինները ցանկանում են իրենց ձեռքը վերցնել թուրք-սիրիական սահմանի բոլոր անցակետերը: Այդպիսով՝ իսլամիստները փորձում են լիարժեք վերահսկողության տակ վերցնել զենքի ու զինամթերքի հոսքը Թուրքիայից, ինչպես նաև ֆինանսական միջոցների հոսքը, որոնք ստացվում են սիրիական նավթի մաքսանենգ վաճառքից:
Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ ձգտում է կանխել հարձակումները կամ երկրորդ ճակատի բացումը, ինչն անխուսափելիորեն կթուլացնի ապստամբներին ռեժիմի դեմ պայքարում: Ապստամբները գրոհայինների կողմից ակտիվ գործողություններ են ակնկալում Ռամադանի ավարտից հետո (օգոստոսի 8-9):









































