Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նորվեգիան, Նիդերլանդներն ու Մեծ Բրիտանիան ներկայացնող ընկերությունները Իրանի հետ աշխատելու պատրաստակամություն են հայտնել՝ կապված Կասպից ծովի նավթային ու գազային նախագծերի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ղոլամռեզա Մանուչեհրին:
Նրա խոսքով՝ այդ ընկերություններն արդեն իսկ խնդրել են իրենց հնարավորություն ընձեռել զննելու ենթադրյալ գործունեության տարածքը:
Նա չի մանրամասնել այդ ընկերությունների անունները, որոնք շահագրգռված են Իրանի հետ համագործակցությամբ, սակայն հայտարարել է, որ Իրանն օտարերկրացիներին առաջարկել է մասնակցել Կասպից ծովում միանգամից 4 նավթագազային նախագծերի:
Իրանն այժմ ցանկանում է օտարերկրյա ներդրողների հետ ստորագրել նավթային նոր մոդելի պայմանագրեր՝ IPC: Իրանը դրանք հատուկ մշակել է նավթային նախագծերն օտարերկրյա ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու համար:









































