Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է անցորդների վրա հարձակվող և ավտոմեքենաներ ջարդող ցուցարարներին: Նրանք փողոց են դուրս եկել` ի նշան բողոքի 2012 թվականին սևամորթ երիտասարդին սպանած Ջորջ Ցիմերմանի արդարացման դատավճռի դեմ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն` վկայակոչելով Los Angeles Times-ին:
Ձերբակալվածների թիվը չի հաղորդվում:
Արդարացման դատավճռի դեմ ցույցերն ընթանում են արդեն երկու օր: Լոս Անջելեսի ոստիկանությունը ցույցերից մեկն ապօրինի էր որակել այն բանից հետո, երբ մի քանի փողոցներում շուրջ 150 երիտասարդներ ցատկել էին ավտոմեքենաների վրա, հարձակվել անցորդների վրա: CBS հեռուստաընկերության տեղեկատվությամբ՝ խուլիգանները նաև շրջել են աղբամանները և ջարդել տների մետաղական ցանկապատները:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ֆլորիդայի Սենֆորդ քաղաքում դատարանն արդարացրել էր 2012 թվականին 17-ամյա սևամորթ, չզինված Թրեյվոն Մարտինի վրա կրակած Ջորջ Ցիմերմանին: Դատավորները եզրակացրել են, որ Մարտինի հետ ծեծկռտուքի ժամանակ Ցիմերմանը չի գերազանցել ինքնապաշտպանության սահմանները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին կոչ էր արել հանգստություն պահպանել և հարգել հանգուցյալի հիշատակը:









































