Իտալիայի շենքերի և շինությունների մոտավորապես կեսը, որոնցում ապրում է 21,5 մլն մարդ, գտնվում է «շատ մեծ կամ բավական մեծ» սեյսմիկ ռիսկի շրջաններում: Այս մասին գրում է La Stampa թերթը՝ վկայակոչելով Ինժեներների ազգային խորհրդի զեկույցը:
Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ բարձր ռիսկի գոտիներում շենքերի անվտանգության ապահովման համար կպահանջվի մոտ 36 մլրդ եվրո և մի քանի տասնամյակ, բայց այդ ընթացքում Ապենիններում կարող են այլ ուժեղ երկրաշարժեր տեղի ունենալ:
«Ամեն տարի ԶԼՄ-ներում հաղորդվում է հարյուրավոր ստորգետնյա ցնցումների մասին, որոնք բնակչությունն ի վիճակի է զգալ: Խոսքը երկրաշարժերի մասին է, որոնցից տները կարող են ճոճվել, բայց չքանդվել, և այդպիսի երկրաշարժերը չեն հանգեցնում զոհերի»,- ասվում է զեկույցում:
Ինժեներների ազգային խորհրդի տվյալներով՝ ավերիչ երկրաշարժեր Իտալիայում տեղի են ունենում միջինում ամեն 5 տարին մեկ:








































