Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպեն «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ակնհայտ է, որ G20-ին նախագահները, այսպես թե այնպես, կհանդիպեն հենց ֆորումի շրջանակում»,- հայտարարել է Պեսկովը՝ նշելով, որ առանձին հանդիպման մասին որոշումը երկու երկրների առաջնորդները կընդունեն ինքնուրույն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բեն Ռոդսը հայտնել էր, որ Սպիտակ տունը չի բացառում G20-ի շրջանակում Օբամա-Պուտին ոչ պաշտոնական հանդիպումը։
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը Հանչժոուում՝ «Նորարար, առողջ, փոխկապակցված, ներառական համաշխարհային տնտեսության կառուցում» թեմայով։









































