Այսօր, օրվա առաջին կեսին, «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատության է ենթարկվելու նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրուցում նշեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Սա արդեն նրա երկրորդ վիրահատությունն է։
Թե վիրահատությունից հետո որքան կմնա Աշոտ Պետրոսյանը հիվանդանոցում՝ կախված կլինի հետվիրահատական շրջանի ընթացքից։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածքում Աշոտ Պետրոսյանը ստացել է ստորին վերջույթների հրազենային վնասվածք, ինչպես նաև հրազենային վիրավորման արդյունքում՝ աջ ազդրի կոտրվածք։ Հիշեցնենք նաև, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը՝ կազմակերպված խմբի կողմից, և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք շրջանառելը։
Լուսանկարը՝ Panorama.am-ի











































