Դեղագործական գիտությունների թեկնածու, ամերիկյան «Էլայ Լիլլի» ընկերության տարածքային մենեջեր Սիլվա Բարսեղյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ պետական միջոցներով դեղերի ձեռք բերման, ինչպես նաև ինսուլինի մատակարարման հարցերին:
Նա նշեց, որ «Էլայ Լիլլի» ընկերությունը 137 տարվա պատմություն ունի և արտադրում է միայն նորարարական դեղեր: Սեփական գիտական լաբորատորիաներում ստեղծում են մոլեկուլներ, որոնք միայն 20-25 տարի հետո են դառնում դեղեր: Ըստ Սիլվա Բարսեղյանի՝ սրանով են տարբերվում օրիգինալ դեղերը: Եվ հաճախ այդ նոր դեղերը համարվում են մինչ այդ անբուժելի համարվող հիվանդությունների բուժման միջոցներ:
1923 թ. ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում հայտնագործություն է կատարվել. «Էլայ Լիլլի» ընկերության երկու գիտաշխատողներ հայտնաբերել են ինսուլինը, որի արտադրությամբ էլ վերջ է դրվում դիաբետով հիվանդների մահացություններին: Մինչ այդ դիաբետը համարվել է մահացու հիվանդություն:
Պետական գնումներ կատարելիս նախահաշվարկային գին է սահմանվում, որը, «Էլլայ Լիլլի» ընկերության տարածքային մենեջերի կարծիքով, սահմանվում է ոչ ճիշտ եղանակով. վերցնում են բրենդային դեղի արժեքը, գումարում ոչ բրենդային դեղի արժեքին և բաժանում երկուսի: Այդ կերպ որոշվում է միջին արժեքը:
«Սրանով պետական գնումների ցանկից բրենդային դեղն ընդհանրապես դուրս է մնում, որովհետև նրա արժեքը, բնականաբար, այդ նախահաշվարկային արժեքից բարձր է լինում, իսկ ոչ բրենդային դեղը շատ շահեկան գնով՝ գերշահույթով հայտնվում է պետական գնման ցանկում»,- նշեց Սիլվա Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ վերջին պետական գնումների մրցույթների ժամանակ նկատելի են աղաղակող փաստեր հատկապես հնդկական հակադիաբետիկ դեղահաբերի շրջանում, որոնք որևէ տեղ գրանցված չեն: Փաստորեն, Սիլվա Բարսեղյանի պնդմամբ, պետական մրցույթը շահած կազմակերպությունը գերշահույթով մատակարարում է կասկածելի որակով հակադիաբետիկ դեղեր:
«Պահանջը որոշվում է մեկ մասնագետի միջոցով: Տարիների փորձ ունեցող մասնագետն ասում է՝ այս տարի ՀՀ-ին պետք է այս քանակի սրվակ ինսուլին: Ես ձեզ հավաստիացնում եմ՝ որևէ երկրում նման ձևով պահանջ չի որոշվում: Բոլոր երկրները, այդ թվում՝ ԱՊՀ կազմի մեջ մտնող, արդեն իսկ ունեն դիաբետով հիվանդների ռեեստր»,- համոզված է Սիլվա Բարսեղյանը:









































