Իսրայելական զինվորական հրամանատարությունը պատրաստում է մարտավարության այնպիսի ավանդական միջոցներ, ինչպիսիք են՝ տանկերն ու հրետանին, խոշոր կրճատումը՝ կենտրոնանալով հակապարտիզանական պայքարի անցկացման և տեխնոլոգիական ներուժի մեծացման վրա: Նման փոփոխությունները հնարավոր են դարձել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում վերջին շրջանի ցնցումները զրկել են հրեական պետության հակառակորդներին առաջիկա տարիներին ռազմական ագրեսիա իրականացնելու հնարավորությունից: Այս մասին The Wall Street Journal-ում գրում է Ջոշուա Միտնիկը:
1948-ին անկախության համար պատերազմից սկսած, երբ Իսրայելը ստիպված է եղել հետ մղել արաբական բանակների հարձակումը միանգամից մի քանի ճակատներով, ռազմական վերլուծաբանները և հասարակությունն ապրել են վախի մեջ՝ սպասելով, որ օգտվելով թվաքանակի առավելությունից՝ հակառակորդի բանակը մի գեղեցիկ օր իրենց ծովը կնետի: Սակայն սիրիական և եգիպտական բանակները, որոնք համատեղ մասնակցել են վերջին 25 տարում Իսրայելի դեմ երեք պատերազմներում, ներկայում թաղվել են ներքին խնդիրների մեջ. սիրիական զինված ուժերը սպառվել են ապստամբների դեմ քաղաքացիական պատերազմում, իսկ եգիպտացի զինվորականները փորձում են կայունացնել քաղաքական ճգնաժամում հայտնված երկրում տիրող իրավիճակը:
Այդ ֆոնին Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարում է, որ ապագայում ՑԱԽԱԼ-ը նվազագույնս կհենվի ծանր սպառազինության վրա: Զինվորական ռազմավարության նոր ուղղությունը վկայում է իսրայելական ղեկավարության վստահության մասին առ այն, որ «արաբական գարունը» թուլացրել է երկրի ազգային անվտանգության մի շարք սպառնալիքներ՝ կարծում է հոդվածագիրը:
Առաջիկա 5 տարիներին Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է կրճատել մի քանի հազար կադրային սպաների, արձակել ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մի շարք ստորաբաժանումներ՝ 830 մլն դոլար տնտեսելու նպատակով: Բանն այն է, որ 2013-ին չափազանց մեծ ծախսերն ու ցածր հարկային վճարները հանգեցրել են բյուջետային զգալի դեֆիցիտի: Երկրի զինված ուժերը գտնվում են հասարակության ու ֆինանսների նախարարության կողմից ճնշման ներքո, որոնք դրանք համարում են ուռճացված՝ ասվում է հոդվածում:
Սպասվում է, որ ՑԱԽԱԼ-ը կկենտրոնանա, այսպես կոչված, «անհամաչափ պատերազմի»՝ «Հըզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի նման ապստամբական ուժերի դեմ պայքարի վրա: Բացի այդ, իսրայելցի զինվորականները պետք է մեծ ուշադրություն դարձնեն կիբերպատերազմի վրա՝ ասվում է հոդվածում:









































