Իսպանական El Mundo թերթը հրապարակել է երկրի վարչապետ Մարիանո Ռախոյի SMS նամակագրությունը նրա կուսակցության նախկին գանձապահ Լուիս Բարսենասի հետ:
Բարսենասի նկատմամբ ներկայում հետաքննություն է անցկացվում՝ կուսակցական գանձարանի անօրինական ֆինանսավորման մեղադրանքով: Այսօր նա պետք է կանգնի դատարանի առջև:
Հրապարակված հաղորդագրություններից մեկը վկայում է այն մասին, որ Ռախոյը Բարսենասին բարոյական աջակցություն է հայտնել մամուլում սկանդալի առաջացման ժամանակ: Ինչպես պարզվել է, հենց նախկին գանձապահն էլ լրագրողներին տրամադրել է իր հեռախոսում պահպանված հաղորդագրությունների արխիվը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա կուսակից ընկերները հրապարակայնորեն նրան հանցագործ են անվանել:
Ընդդիմություն ներկայացնող սոցիալիստները՝ իմանալով այդ մասին, պահանջել են պահպանողականների կառավարության անհապաղ հրաժարականը: Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին կատարվածը շանտաժ են անվանել: